ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Իննսուներկու տարի անց

Իննսուներկու տարի անց
29.09.2015 | 11:10

Նախորդ տուրում «Սելտայից» 1։4 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո «Բարսելոնը» հաղթում է մրցաշրջանի նորեկին, սակայն մեկ-մեկուկես ամսով կորցնում է գլխավոր հարվածային ուժին՝ Մեսիին, «Մալագան» կամքի ու համառության դաս է տալիս «Ռեալին»՝ ստիպելով նրան «Բարսելոնի» հետ տեղը փոխել, «Նյուքասլի» հետ պայքարում առավելագույնը, որ կարողանում է անել Լոնդոնի «Չելսին», միավոր կորզելն է, «Տոտենհեմը» պարզապես վերցնում ու «անցնում» է «Մանչեստր Սիթիի» վրայով, «Պարի Սեն Ժերմենը» չի հուսալքվում բաց թողած գոլից ու կազմակերպում է գոլերի կատարյալ հրավառություն։ Սակայն միայն այսքանը չէր հետաքրքրական եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների հերթական տուրի խաղերում:

ԻՍՊԱՆԻԱ
Առաջնությունում եվրոպական ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդների՝ «Բարսելոնի» ու Մադրիդի «Ռեալի» կորուստները, ինչ խոսք, անհամեմատելի են: Մրցաշրջանը սկզբունքորեն նոր-նոր է սկսվել, ու նրանք դեռ կհասցնեն թե՛ միավորներ կորցնել, թե՛ վաստակել, բայց որ նույն այդ համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ադամանդը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի գա, սա արդեն ոչ թե վատ է, այլ շատ վատ:
Խաղասկզբին մրցակցին բախված ու դրա հետևանքով վնասվածք ստացած Մեսին փորձել է վերադառնալ խաղադաշտ, սակայն դա ցավալիորեն կարճ է տևել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, ախտորոշվել է կապանների պատռվածք, իսկ սա նշանակում է այն, ինչ վերն արդեն ասել ենք: Սա միևնույն ժամանակ նշանակում է, որ արգենտինացին բաց կթողնի նաև երկրի ընտրանու ու Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների զգալի մասը: Չհաշված առաջնության խաղերը:
«Ռեալի» մասին արդեն ասել ենք: Ռոնալդուին ու խաղընկերներին անգամ չօգնեց խաղի վերջնամասում ունեցած թվային գերազանցությունը, և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ինչ վերաբերում է գերազանց մեկնարկած «Վիլյառեալին», Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակը հնարավորություն տվեց բարձրանալու աղյուսակի առաջին հորիզոնական: Ի դեպ, թիմի հետ նման բան մեկ էլ եղել է 92 տարի առաջ:

ԱՆԳԼԻԱ
Այստեղ պակաս հետաքրքիր զարգացումներ չեղան: «Մանչեստր Սիթիի» երկրորդ անընդմեջ սայթաքումը մանչեստրյան մյուս թիմին՝ «Յունայթեդին», օգնեց բարձրանալու առաջին հորիզոնական այն բանից հետո, երբ վերջինս առավելության հասավ «Սանդրլենդի» նկատմամբ՝ 3:0: Տասներեքական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Վեստ Հեմն» ու «Արսենալը»: Առաջինը սեփական հարկի տակ 2:2 է խաղացել «Նորվիչի» հետ, երկրորդն արտագնայում խոշոր հաշվով առավելության է հասել «Լեստերի» նկատմամբ՝ 5:2: Ինչ վերաբերում է երկրի գործող չեմպիոնին, Մոուրինյոյի սաները, արդեն ասել ենք, կարողացել են խուսափել պարտությունից, սակայն այդ ոչ-ոքին, բնականաբար, հնարավորություն չտվեց քիթը վեր հանելու աղյուսակի ստորին հորիզոնականներից:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում շարունակում է իր անդարդ-անցավ կյանքը «Բավարիան»: Յոթ խաղ՝ յոթ հաղթանակ: Վերջինը «Մայնցի» նկատմամբ էր, նրա իսկ դաշտում՝ 3:0: Փոխարենը վերջին երկու հանդիպումում տեմպերը թուլացրեց Դորտմունդի «Բորուսիան»: Այս երկրորդ ոչ-ոքին «Դարմշտադտի» հետ խաղում էր, սեփական հարկի տակ՝ 2:2: Արդյունքում` դորտմունդցիներն արդեն չորս միավորով են հետ մնում մյունխենցիներից, որոնց հետ, ի դեպ, հանդիպելու են եկող շաբաթվա վերջին:
Արտագնայում «Համբուրգի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Շալկեին» օգնեց մնալու աղյուսակի երրորդ հորիզոնականում` ընդամենը մեկ միավոր պակաս վաստակելով «Բորուսիայից»:

ԻՏԱԼԻԱ
«Ինտեր»-«Ֆիորենտինա» հանդիպումը վերջինիս հաղթանակի դեպքում կարող էր հիմնովին փոխել առաջին եռյակի դասավորությունը: Որքան էլ ցավալի է «Ինտերի» երկրպագուների համար, այդպես էլ եղավ: Սկզբունքորեն արդեն առաջին խաղակեսի քսանհինգերորդ րոպեին հյուրերը լուծեցին հարցը՝ տանտերերին հարկադրելով երեք անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Վերջնական հաշիվը 4:1 է՝ հօգուտ հյուրերի, որոնք էլ տասնհինգ միավորով ստանձնեցին առաջնության լիդերությունը: Նույնքան միավորով «Ինտերը» երկրորդն է, իսկ տնային խաղում «Պալերմոյի» նկատմամբ ձեռք բերած առավելությունը՝ 2:1, «Թուրինի» համար 13 միավորով տեղ ապահովեց առաջին եռյակում:
Ինչ վերաբերում է երկրի չեմպիոն «Յուվենտուսին», նրա մեկնարկը չափազանց անհաջող է, ու դա ավելի խորացավ հերթականում «Նապոլիից» կրած պարտությունից հետո՝ 1:2: Այսպես ասենք՝ «ծեր սինյորան» անգամ առաջին տասնյակում չէ:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է վստահ մրցելույթները երկրի չեմպիոնը: «Պարի Սեն Ժերմենի» առաջ այս անգամ ծնկեց «Նանտը», որին տան պատերն էլ չօգնեցին խուսափելու խոշոր հաշվով պարտությունից, թեև խաղասկիզբը, կարծես, բոլորովին այլ բան էր խոստանում, մանավանդ որ հաշվի մեջ էլ առաջ էին անցել: Այստեղ փարիզցիներից մեկական գոլով աչքի են ընկել թե՛ Զլատան Իբրահիմովիչը, թե՛ Էդինսոն Կավանին, թե՛ Անխել դի Մարիան և թե՛ Սերժ Օրիեն: Ի դեպ, Կավանին յոթ գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Սենտ Էտիեն»-«Նիցցա» մրցակցությունում գրանցվեց ճիշտ և ճիշտ նույն հաշիվը, ինչ իտալական առաջնության «Ինտեր»-«Ֆիորենտինա» հանդիպումում ու դարձյալ` հօգուտ հյուրերի: Թերևս միակ տարբերությունն այն է, որ տասնվեց միավորով «Սենտ Էտիենն» ինչպես կար երկրորդ տեղում, այդպես էլ մնաց: Տասնհինգական միավորով 3-6-րդ տեղերում են «Ռենը», «Ռեյմսը», «Անժը», «Կաննը»: Լրացուցիչ գործակիցներով երրորդը «Տրուայայի» հետ հանդիպումը 1:1 ավարտած «Ռենն» է:
«Տոտենհեմ»-«Մանչեստր Սիթի», «Ինտեր»-«Ֆիորենտինա», «Նանտ»-«Պարի Սեն Ժերմեն», «Սենտ Էտիեն»-«Նիցցա» հանդիպումներում գրանցվել է նույն 4:1 հաշիվը: Հիշենք, որ այս հաշիվն էր նաև նախորդ տուրի «Սելտա»-«Բարսելոն» խաղում: Կատակով, թե լուրջ, ստացվում է, որ եվրոպաներում սկսել են սիրել այս հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ